Մարտին Մինասյան, Անահիտ Մինասյան, Արտակ Հարությունյան Համացանցի օգտագործման ուղեցույց

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) պատվերով պատրաստվել և հրատարակվել է «Համացանցի օգտագործման ուղեցույց» ուսումնաօժանդակ ձեռնարկը։ Այն ստեղծել է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ ուսումնաօժանդակ ձեռնարկի և կից էլեկտրոնային նյութի ստեղծում և հրատարակում» ծառայության գնման բաց մրցույթի արդյունքում ընտրված «Դար» հրատարակչությունը (հեղինակներ՝ Մարտին Մինասյան, Անահիտ Մինասյան, Արտակ Հարությունյան): «Համացանցի օգտագործման ուղեցույցը» երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից՝ որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ հանրակրթական դպրոցի համար։

Ձեռնարկը կօգնի ուսուցիչներին ու սովորողներին համացանցում կողմնորոշվելու, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ստեղծված հնարավորություններին ծանոթանալու, կրթական պաշարներն արդյունավետ կիրառելու և հայալեզու պաշարները հարստացնելու հարցերում։

Ձեռնարկին կից լազերային սկավառակում մուլտիմեդիա ձևաչափերով մշակված էլեկտրոնային տարբերակը կնպաստի նյութի առավել պատկերավոր ընկալմանը և կիրառական հմտությունների ձևավորմանը։

Հայաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններին հանձնվեք են ձեռնարկի երկուական օրինակներ և կից էլեկտրոնային նյութ՝ լազերային սկավառակով, իսկ ձեռնարկի ու կից սկավառակի նյութն առավել շատ մարդկանց հասանելի լինելու համար ԿՏԱԿ-ը դրանք հասանելի է դարձնում նաև կայքի տարբերակով: Կայքը, ինչպես և սկավառակը, կազմված է 5 բաժնից:

Ձեռնարկ

Այս բաժնում տեղադրված է «Համացանցի օգտագործման ուղեցույց» ձեռնարկը, որի բովանդակության վերնագրերը հղումներ են։ Սրանց միջոցով հնարավոր է բացել և ընթերցել ձեռնարկի համապատասխան բաժինները: Բովանդակությանը վերադառնալու համար պետք է սեղմել «Ձեռնարկ» կոճակը:

Հոլովակներ

Հոլովակներում մանրամասն նկարագրված են համացանցային մի շարք կարևոր աշխատանքներ (գրանցում ֆորումներում ու էլեկտրոնային փոստի միջավայրում, բաժանորդագրություն, որոնում, տեքստի փոխարկում և այլն)։ Դրանք դիտելու համար համակարգչում պետք է լինի «Adobe Flash Player» ազատ ծրագիրը (անհրաժեշտության դեպքում այդ ծրագրերը կարելի է գտնել «Ծրագրեր» բաժում)։

Բառարան

Բառարանը պարունակում է ձեռնարկում օգտագործվող հիմնական տերմինների, ինչպես նաև որոշ այլ հաճախ գործածվող տերմինների հայերեն անվանումները, դրանց անգլերեն և ռուսերեն համարժեքներն ու հայերեն համառոտ բացատրությունները։ Բառարանում բառերը դասավորված են այբբենական կարգով:

Հղումներ

Այստեղ ի մի են բերված մի շարք կիրառելի և օգտակար կայքերի հասցեներ, որոնք կօգնեն կողմնորոշվելու համացանցում։ Այստեղ դուք կարող եք գտնել առավել ճանաչված համացանցի մատակարարների կայքերի հասցեները, կրթական ոլորտին վերաբերվող կայքերի, կառավարական ու լրատվական կայքերի, բազում այլ օգտակար կայքերի հասցեները:

Ծրագրեր

Այս բաժնում ներկայացված են համացանցում աշխատելու համար նախատեսված որոշ ազատ օգտագործման թույլտվությամբ ծրագրեր, այդ թվում՝ զննարկիչներ, ակնթարթային հաղորդակցման և ֆայլերի բեռնման ծրագրեր։ Բերված են նաև ծրագրերի պաշտոնական կայքերի հասցեները, որոնցում կարող եք գտնել ծրագրերի առավել թարմ տարբերակներ:

Ծրագրում տեքստն առավել ընթեռնելի տեսնելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել «Tahoma Armenian» տառատեսակը: Այդ տառատեսակը կարող եք գտնել hayeren.am կայքում: Տեղադրելու համար մտեք Start->Settings->Control Panel, այստեղից բացեք «Fonts» պատուհանը, բացված պատուհանի մենյուից մտեք File->Install New Font, այս նոր պատուհանում բացեք սկավառակի «Fonts» թղթապանակը, դրա միջից ընտրեք «Tahoma Armenian (True Type)» տառատեսակն ու սեղմեք OK: Սրանից հետո փակեք այս ծրագիրն ու նորից բացեք:

Դուք կարող եք բեռնել ու օգտագործել նաև ձեռնարկի PDF տարբերակը. Բեռնեք ձեռնարկի PDF տարբերակը